Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը NEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել Աբխազիայում չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղում Արեւմտյան Հայաստանի եւ Փենջաբի հավաքականներ ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած զանգվածային բախման մասին:

Նրա խոսքով, բախումը տեղի է ունեցել երկու հավաքականների միջեւ խաղի վերջին րոպեներին: «Փենջաբի հավաքականը հաղթում էր 3:2 հաշվով ու վերջին րոպեներին փորձում էին ձգել խաղը, բրդբրդում էին մեր խաղացողներին: Երկու կողմերից էլ նյարդերը լարված էին: Ինչ-որ պահի ֆուտբոլիստները կպան իրար, վիճեցին, քաշքշուկ սկսվեց: Ոստիկանությունը եւ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները խառնվեցին եւ բաժանում էին կողմերին: Միջադեպը տեւեց մոտ 5-7 րոպե»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Տեր-Սարգսյանն ու հավելեց. «Իհարկե, ցանկալի չէր, որ նման բան լիներ, բայց ամեն տեղ էլ նման միջադեպեր հնարավոր են»:

Նա հերքեց տեղեկությունները, թե ոստիկանությունը միջադեպի մասնակիցներին բաժանելու փոխարեն հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա եւ հարվածներ հասցրել:

Արմեն Տեր-Սարգսյանը ընդգծեց, որ նախօրեին իրենց պատվիրակությանն ընդունել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, դրանից առաջ էլ վարչապետի հետ են հանդիպել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբխազիայում կայացած մրցաշարի խաղում կրքերը բորբոքվել էին այն բանից հետո, երբ Պենջաբի հավաքականի խաղացողներից մեկը հարվածել է Երեւանի «Արարատի» պաշտպան Րաֆֆի Կայային:

Բախմանը միջամտել էին նաեւ երկրպագուներ եւ ոստիկաններ, որոնք բավական ագրեսիվ վարք են դրսեւորել հայ ֆուտբոլիստների նկատմամբ:

Վրացական մամուլի համաձայն՝ Աբխազիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ, գրում է lenta.ge-ն:

Չճանաչված երկրների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճել է Աբխազիայի հավաքականը, որը եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Պենջաբի թիմին: Արեւմտյան Հայաստանի հավաքականը գրավել էր 6-րդ տեղը: