Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 6-ին, ուսումնասիրվեցին դեպքի օրվա վերաբերյալ տեսանյութերը: Դատարանում ցուցադրված տեսանյութերում մանրամասն եւրեւում էր, թե Ամանորի գիշերն ինչ է տեղի ունեցել Երեւանի Ազատության հրապարակում:
Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տեսանյութերի ուսումնասիրությունից հետո նշեց, որ տեսաերիզներում երեում է` ինչպես է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը նախ բռունցքով, ապա ոտքով հարվածում Գեւորգ Սաֆարյանին:
Տեսանյութերի դիտումից հետո Գեւորգ Սաֆարյանը ցանկություն հյատնեց ցուցմունք տալ տեսանյութերի վերաբերյալ` նշելով, որ տեսանյութերում ակնհայտ երեւում է, որ առնվազն երեք ոստիկան միջադեպը նկարահանել են, բայց քննչական մարմինը որեւէ գործողություն չի իրականացրել, որպեսզի պարզի այդ ոստիկանների ինքնությունն ու հայտնաբերի այդ տեսանյութերը` գործին կցելու համար: Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ տեսանյութերում հստակ երեւում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ով ում է հարվածել.
«Գեղամ Խաչատրյանը տեսանյութերից մեկում աջ կողմից է հենց նկարահանած եւ շատ լավ երեւում է, որ նրա աջ հոնքի հատվածում որեւէ վնասվածք չկա, ոչ ոք նրան չի հարվածել: Մեղադրական եզրակացությունն ակնհայտ սուտ է, երեւում է, որ ինձ աջ կողմից Վարդան Ապրեսյանը բռունցքով հարվածում է եւ ես աջ կողմով ընկնում եմ ներքեւ եւ ես չէի կարող այդ ընթացքում աջ թեքվել եւ ձախ ձեռքով խփել Գեղամ Խաչատրյանին: Ցուցմունք տվողների մեծ մասը ոստիկաններն են եւ գտնվում են Գեղամ Սաֆարյանի անմիջական ենթակայության տակ: Բացի այդ ոստիկանները բոլորը միանման եւ հորինված ցուցմունքներ են տվել, պատճառն այն է, որ ոստիկանությունը հստակ ցուցում է ստացել գործ սարքել Գեւորգ Սաֆարյանի գլխին»,-ասաց նա:
Մեղադրողի հարցին, թե տեսանյութում երեւում է, որ Գեւորգ Սաֆարյանը հայհոյանք է տալիս ինչ-որ մեկին, դրանք ում են ուղղված, Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց, որ հայհոյանքն ուղղված է եղել այն ոստիկաններին, որոնք քաղաքացիների նկատմամբ օրինազանց գործողություններ են կատարել տվյալ պահին:
Նիստին ներկա գործով տուժող Գեղամ Խաչատրյանը նույնպես հարց ուղղեց Գեւորգ Սաֆարային: Նա նշեց, որ տեսանյութում երեւում է` ինչպես է Գեւորգ Սաֆարյանը «փախչում» ծառերի ուղղությամբ, եթե իրեն չի հարվածել, ապա ինչու է «փախչել» ծառերի ուղղությամբ, որին Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց, որ ինքը ոչ մեկին չի հարվածել եւ ինքը ոչ թե փախչել է, այլ ծառերի այդ հատվածում է հայտնվել հրմշտոցների արդյունքում:
Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ նախաքննական մարմինը անգործություն է ցուցաբերել եւ ոչինչ չի արել առգրավելու տարածքում գտնվող տեսախցիկների այն տեսանյութերը, որոնք դեպքի օրը կատարված միջադեպերը ֆիքսել են, բացի այդ տեսանյութերը չեն առգրավվել միջադեպը նկարահանած ոստիկանների տեսանյութերը:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին միջադեպ էր տեղի ունեցցել, որի հետեւանքով ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ Էդուարդ Գյոզալյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից: Որպես բողոքի նոտա Վարդգես Գասպարին մեկ ժամից ավելի պառկեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանի գործով կհարցաքննվեն Ամանորի գիշերը Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները:
Պաշտպանի միջնորդությամբ որպես վկա ներգրավվել է 13 անձ` Վահագն Ղումաշյանը, Հովհաննես Ղազարյանը, Կարո Եղնուկյանը, Աղասի Ավագեմյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Սուսաննա Սիմոնյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեւակ Մանուկյանը, Վարուժան Ավետսիսյանը, Գարեգին Չուգասզյանը:
Նշենք, որ դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:












