Գյումրիում մայիսի 14-ին «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանությունը բացահայտվել է:
Ոստիկանության փոխանցմամբ, մայիսի 14-ին, ժամը 22.50-ի սահմաններում Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել արյունաքամ լինող մի տղամարդ. նա ստացել էր կրծքավանդակի աջ եւ ձախ հատվածների հրազենային վիրավորում:
Գյումրիի բնակիչ 40-ամյա գործարար Գուրգեն Ավետիսյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ոստիկանները պարզել են դեպքի մանրամասները. ըստ այդմ, գերեզմանոցում հավաքվածների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Նրանց մի մասը ծեծկռտուքը շարունակել են Ղարսի խճուղում գտնվող Արամ Մովսիսյանին պատկանող ֆերմայում:
Ֆերմայի տարածքում հայտնաբերվել են պարկուճներ եւ գնդակ: Ոստիկանները մեկ օր անց՝ մայիսի 15-ին, Թալինի խաչմերուկից ոստիկանության Մուշի բաժին բերման է ենթարկվել գյումրեցի Արմեն Փափազյանը, որը խոստովանել է, որ ինքն է հրազենով սպանել Գուրգեն Ավետիսյանին:
Ըստ նախնական տվյալների, Արմեն Փ.-ի եւ սպանվածի եղբոր միջեւ գերեզմանոցում ընդհարում է եղել: Ոստիկանությունը պարզել է, սակայն, որ Արմեն Փ.-ն չի եղել կրակողը: Քանի որ վիճաբանությունն իր պատճառով է եղել, նա իր վրա է վերցրել մեղքը:
Ոստիկանները սկսել են սպանության կասկածանքով որոնել ֆերմայի տիրոջը՝ 45-ամյա Արա Մովսիսյանին: Նա մայիսի 18-ին մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











