Լոռու մարզի Սարամեջ գյուղ այս գիշեր մտած գայլերը հասցրել են ոչնչացնել գյուղի բնակիչ Խորեն Պողոսյանին պատկանող ոչխարների գերակշիռ մասը: Տարիներ շարունակ անասնապահությամբ զբաղվող Խորեն Պողոսյանն ասում է, որ որոշել էր ոչխարներին սարից իջեցնել ուշ երեկոյան, սակայն երբ կարկտահարության վտանգ է զգացել, ստիպված իջեցրել է բոլորին. գոմում տեղը փոքր է եղել, ոչխարների մի մասին փակել է կիսավեր, անտանիք շինության մեջ:
«Անձրեւ էր, թրջված էին, իրիկունը միտքս փոխվեց, բերեցի ներքեւ, շատին արեցի ներս, կեսին էլ արի էստեղ, նեղվածք էր: Առավոտը 6:30 եկա, տեսա խեղդած, ջարդված են» պատմում է Խորեն Պողոսյանը:
Ճանապարհին ու դեպի գոմը տանող հատվածում թափված հոշոտված ոչխարները հաշվելով գյուղացին ասում է, որ գայլերը խեղդել են մոտ 40 ոչխար, որոնցից 6-ը եղել են հղի վիճակում: Ոչխարների մոտ ընկած են դեռ չծնված գառների մարմինները, որոնք գյուղացիների խոսքով պետք է ծնվեին մեկ շաբաթից: Գայլերի բերանն ընկած վիրավոր ոչխարների թիվը մոտ 19 է: Կրած վնասի չափը, ըստ տուժած գյուղացու, կազմում է մոտ 2 մլն դրամ. «Հլա ավել ա ու պակաս չի»:
Նշենք, որ Պողոսյանների ընտանիքի բոլոր անդամները զբաղվում են անասնապահությամբ: Նրանք գումարի դիմաց պահում են նաեւ համագյուղացիների ոչխարները: Հոշոտված ոչխարների մեջ եղել են նաեւ համագյուղացիների 4 ոչխարը: Տարիներ շարունակ վարկեր վերցնելու հաշվին հոտը մեծացրած Խորեն Պողոսյանն անցյալ տարի է հասցրել փակել բոլոր վարկերը: Հիմա, երբ հույս ուներ ստանալ աշխատանքի արդյունքը, ինչպես ինքն է ասում, ապրուստը ջուրն է լցվել:
Գյուղացիներն ասում են, որ վերջին տարիներին գյուղի հարակից սարերում գայլեր են նկատվել, որոնք ժամանակ առ ժամանակ նաեւ հոշոտել են կենդանիներին, սակայն գայլերն առաջին անգամ էին գյուղ մտնում: Այս նախադեպը սարամեջցիներին ստիպում է զգուշանալ ու խստացնել պահպանությունը գյուղի տարածքում:
Հիշեցնենք, որ մինչեւ հիմա գայլերի հարձակման դեպքեր էին գրանցվել նաեւ Ծաղկաբերում եւ Հարթագյուղում:


.jpg)
.jpg)











