Երեւանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ հունիսի 7-ին, բացված քննական կենտրոնում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննություն հանձնող դիմորդների ծնողները  դժգոհ են քննական կենտրոնի մոտ տեղադրված էկրանից,  որը նախատեսված է քննության ընթացքին հետեւելու համար:  «Ոչինչ չի երեւում,  պատկերն այնքան խավար է, որ ոչ մեկս չենք գտնում մեր երեխաներին»,-NEWS. am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը: 

Ծնողներից մեկն էլ նշեց, որ իր երեխաներից մեկը  ընդունելության միասնական քննությունները հանձնել է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի դպրոցներից մեկում, սակայն, էկրանների հետ խնդիրներ չեն եղել.  «էկրաններն այնպես էին դրված,  որ հնարավոր լիներ հետեւել ամբողջ ընթացքին:  Ու մի էկրան չէր դրված,  մի քանիսն էին», - նշեց նա:

Դիմորդներից մեկի հայրն էլ նշեց,  որ իրենց միայն 10 րոպե ընթացքին հետեւել թույլ տալով՝ սահմանափակում են իրենց իրավունքները:

Քննական կենտրոնի աշխատակիցները ծնողներին ասացին,  որ կարգն է այդպիսին,  իրենք ոչինչ անել չեն կարող,  ծնողներին թույլատրվում է խմբերով մոտենալ էկրանին,  10 րոպե հետեւել ընթացքին:

Նշենք,  որ այս քննական կենտրոնում քննություն է հանձնում 160 դիմորդ,  որոնցից 10-ը բացակա է:

Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում  մեկնարկել են Հայոց լեզու եւ Հայ գրականություն առարկաների ընդունելության միասնական քննությունները: 11 հազար 375 դիմորդից այս տարի այդ առարկաներից քննություն է հանձնում ավելի քան 6 հազար դիմորդ: