Վերջին 4-5 տարիների բյուջեի կատարողականները հիշեցնում են «Կարգին հաղորդման» հայտնի մանրապատումը, երբ նորոգվող բնակարանում վարպետ Պետոն մինչեւ ծեծ չի ուտում, ոչինչ չի անում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց մանրապատումը՝ նշելով. «Հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս մտնում է նորոգվող տուն եւ արձանագրում, որ Պետո անունով վարպետը ոչինչ չի արել: Հարցնում է՝ ի՞նչ ես արել էս մեկ ամսվա ընթացքում, Պետոն էլ ասում է. «Շեֆ ջան, լուսամուտը դրիմ...»: Ասում է՝ հասկացանք, հետո՞: Նորից է կրկնում՝ «Դե լուսամուտը դրիմ, դնելուց վերեւից գաջ-մաջ էր թափվել «պատագոլնիկին», էտի սիրուն մաքրիմ, հավաքիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ»:
Հիմա վերջին 4-5 տարվա բյուջեի կատարողականներում բոլոր տեղերում գրած է Իրան-Հայաստանի 400 կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում: Հիմա ի՞նչ է արվել 4 տարվա ընթացքում: Բյուջեի կատարողանում գրված է՝ «դե նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ», ու ոչ մի բան: Կապսի ջրամբարի դեպքում՝ նույնն է, ի՞նչ է արել կառավարությունը: Կոնկրետ ոչ մի բան: Իրան-Հայաստան երկաթուղի, ի՞նչ արեցիր կառավարություն: «Դե հուշագիրը ստորագրիմ, գնացին-եկան, նորից գնացին-եկան» ու ոչինչ: Հիմա մի կոնկրետ բան կա, որ գրված է, որ դեկտեմբերի 29-ին բացվել է Հյուսիս-Հարավ միջանցքի Երեւան-Արտաշատ 31 կմ-անոց հատվածը: Ուզում եմ տեղյակ պահել, որ այդ հատվածի մի մասը փակվել է ու մինչեւ հիմա էլ փակված է: Ինչ կասեք այս ամենի կապակցությամբ»,-դիմեց Փաշինյանը ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:
Վերջինս ի պատասխան նշեց. «Բոլոր այն հարցերին, որոնց անդրադարձաք, իրենց պարզաբանումները տվել են ծրագիրը իրականացնողները: Այլ բան է, որ կարող է դա ձեզ չբավարարել: Միշտ կարելի է պահանջել, որ ավելին արված լիներ: Բոլոր այդ ծրագրերը պարզունակ չեն: Բազմաթիվ ծրագրեր կատարվել են, բայց դուք դրանք բաց եք թողնում եւ բարձրաձայնում եք այն ծրագրերը, որտեղ տեսնում եք, որ կան խնդիրներ»:
Փաշինյանըը նորից հիշատակեց հայտնի մանրապատումը՝ ասելով. «Մեր հայտնի Պետոն էլ իր բացատրություններն ուներ: Նույն մանրապատման մեջ իրավիճակն այլ հանգուցալուծում ունեցավ՝ ամեն ինչ շտկվեց ու Պետոն շեֆին ասաց, դե մինչեւ հիմա կարգին չէիր ասում, դրա համար չէր լինում: Եթե կառավարությանը կարգին ասող խորհրդարան լիներ, ապա բյուջեն այսպես կիսաերեկոյան ոճով չէր անցկացվի: Ես առաջարկում եմ՝ բյուջեն երեկոյան անցկացնել, որ երեխեքը հանգիստ քնեն: Ստացվում է՝ կառավարության կարգն ասող չկա, որ ծրագրերը պետք է կարգին իրականացնել»:











