«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդները քննական թեստում «Շտեմարանի» բովանդակությանը չհամապատասխանող առաջադրանք են գտել:
«Մի կամ երկու հարց կար, որ «Շտեմարանից» չէին: Մեկը Ա մակարդակից էր, կետադրությունից: Ես պարապել եմ, նման հարց չեմ գտել»,- NEWS.am-ին ասաց դիմորդներից մեկը, որը քննություն էր հանձնում Երեւանի պետական բժշկական համալսարանում բացված քննական կենտրոնում:
Մեկ այդ դիմորդ նշեց, որ թեստում այնպիսի առաջադրանք է եղել, որը «Շտեմարանի» վրիպակների շարքում էր:
«Քանի շարքում կետադրական սխալ կա» առաջադրանքում պատասխանը 3 է ըստ «Շտեմարանի», բայց ճիշտ պատասխանը 4-ն է: Հիմա ասում էին՝ հաստատ վրիպակները չեն լինի թեստերում, բայց դրված էին ու հենց այն, որ ես նախորդ օրը հարցրել էի իմ ուսուցչուհուն»,- NEWS.am-ին ասաց նույն քննական կենտրոնում քննություն հանձնող դիմորդներից Ալինա Գրիգորյանը՝ նշելով, որ մնացած առաջադրանքներն իր համար պարզ էին:
Որոշ դիմորդներ նշեցին, որ առաջադրանքները հեշտ են եղել, որոշները ասացին, որ դժվար են եղել:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից ընդունելության միասնական քննություն է հանձնել ընդհանուր 11 հազար 375 դիմորդներից ավելի քան 6 հազարը:











