Ղավալյանների 8 հոգանոց ընտանիքն արդեն երկու ամիս է բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում. նրանք ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների ժամանակ հրաշքով են կարողացել փրկվել եւ հասնել Չարենցավան:

Ղավալյանները ապրիլի 2-ի գիշերը քնած են եղել, երբ արկակոծել են գյուղը` հասցրել են պատսպարվել լոգարանում եւ մնալ այնտեղ մինչեւ լուսաբաց. «Ժամը երեքն էր, մի ահավոր ձայն լսեցինք, էդ ձայնից պատուհանները կոտրվեցին, տեղաշորով վեր կացանք, գնացինք մեր բաղնիքում պատսպարվեցինք: Մեր հարեւաններից չորս հոգի էլ եկան մեզ հետ: Անընդհատ կրակում էին, մենք էլ սպասում էինք, որ մի քիչ դադարի, կարողանանք դուրս գալ: Երեխաները վախեցել էին, մենք դողում էինք, մեկ էլ լույսերը գնացին, ամբողջ տունը ծխով պատվեց, չգիտեինք` ինչ անեինք: Լուսաբաց էր, մեկ էլ տղաս ասաց` մի ձեռ շոր վերցրեք պրծեք, գնում ենք: Առանց շորի դուրս եկանք, երեխաներն առանց ուտել: Մեքենայով գյուղամեջ հասանք, էն մյուս տղայիս մոտ գնացինք, որ իրեն էլ վերցնենք, ասաց` թուրքը մտել է գյուղ փախեք, ես ոտով էլ լինի կգամ»,-պատմում է 74-ամյա Գրետա Ղավալյանը:

Մեծ դժվարություններով Թալիշից դուրս գալուց հետո ընտանիքը մի կերպ հասել է հարեւան Մատաղիս գյուղ, որտեղ 5 երեխաները, երկու կանայք եւ ընտանիքի հայրը ստիպված են եղել դուրս գալ մեքենայից եւ կանգնել մոտակա պատի տակ` արկակոծման տակ չհայտնվելու համար. «Հասանք Մատաղիս, էդ արկակոծման տակ ընկանք, տղաս մեքենան կանգնեցրեց, իջանք, մի հատ պատ կար, էդ պատի տակ կանգնեցինք, երեխաները վախեցել էին, սպասեցինք, մի քիչ հանդարտվեց, նստեցինք մեքենան ու շարժվեցինք:  Երեխաները վախից լացում էին, ջուր էին ուզում, ծարավել էին, էն ինչ քաշեցինք….»:

Տիկին Գրետան ասում է. «Էդ պատմությունը մեր մտքից դուրս չի գալիս: Որ մի հատ ձայն եմ լսում, վախենում եմ մինչեւ հիմա, ասում եմ` չլինի ստեղ էլ  սկսվեց»:

Ղավալյանների ընտանիքին առաջին օրերին օգնել են հարեւանները, Չարենցավանի բարեկամները` մթերքով, հագուստով, կենցաղային իրերով: 74-ամյա կինն ասում է` Թալիշում ամեն ինչ ունեին, շատ լավ պայմաններում էին ապրում, իսկ Չարենցավանում  ոչինչ չունեն, սպասում են, որ ինչ-որ մեկն օգնի` կարողանան ապրել:

«Էս խալին, էն դիվանը, էս աթոռները, հեռուստացույցը, անկողինը մեր բարեկամներն ու հարազատներն են բերել, Աստված իրենց օգնի, տունն էլ մեր բարեկամինն է: Մեր հարեւաններն առաջին օրերին մեզ շատ օգնեցին, կարողացանք ապրել: Էդ օրերին էլ  փողի հարցը մի կերպ լուծել էինք, բայց հիմա էլի մնացել ենք անփող` քաղաք  տեղ է, հելնում ենք ամեն ինչը փող է: Քաղաքում լավ է ապրելը, բայց դրա համար փող է պետք»,-պատմում է տիկին Գրետան:

Ընտանիքի հայրը` Արամը, պատերազմի հենց առաջին օրվանից Թալիշում է` մեքենայով երեխաներին ու կանանց հասցրել է Չարենցավան ու անմիջապես վերադարձել գյուղ.« Չի գալիս էստեղ, մի անգամ էր եկել, մեկ էլ երեկ է եկել` տեսանք նեղվում ենք, չենք կարողանում ապրել, զանգեցինք, կանչեցինք: Քաղաքում երեխա պահելը դժվար է, գյուղում հեշտ էր: Ստեղծեցինք, տուն դրեցինք, նորից թողեցինք եկանք: Նոր տուն էինք սարքել մեր զույգերի համար, ապահով էինք, լավ ապրում էինք, հայաթում ամեն ինչ ցանել էինք, եկել ստեղ դատարկ նստել ենք, սրան ենք նայում, նրան, որ մի բանով օգնեն: Թալիշում էլ մենակ տան պատերն են մնացել, մեջի ապրանքը չկա: Անասուններս` ոչխարները, կովերս, հավերս…»:

74-ամյա Գրետա տատիկը ասում է` Թալիշում է պատկերացնում իր կյանքը եւ եթե հնարավորություն լինի այնտեղ վերադառնալու` առանց վարանելու  կվերադառնա այնտեղ: Գրետա տատիկը վստահ է` մի օր կգա այդ օրը, Արցախում խաղաղություն կլինի, իսկ թալիշցիները կրկին կվերադառնան իրենց բնակավայր եւ նորից կշենացնեն իրենց համար այդքան սիրելի գյուղը: