Պետրոսյանների 5 հոգանոց ընտանիքը երկու ամիս առաջ է եկել Չարենցավան` մի կերպ դուրս պրծնելով արկակոծվող Թալիշից:
Պետրոսյանների ընտանիքից Սոս Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտանիքի երեք անչափահաս երեխաներն ու տան երկու մեծահասակները ապրիլի 2-ի գիշերը մի քանի ժամ անցկացրել են իրենց երկուհարկանի տան ցուրտ ու մութ նկուղում` սպասելով իրավիճակի հանդարտվելուն:
Երբ մի քանի րոպե կրակոցները դադարել են` վերցրել են առաջին անհրաժեշտության իրերն ու դուրս եկել գյուղից: «Ադրբեջանցիները գյուղն արկակոծում էին բնակչության բնաջնջման նպատակով: Սպասեցինք մինչեւ լուսաբաց, մտածելով, որ կհանգստանան եւ կկարողանանք գյուղից դուրս գալ: Մեր տան նկուղի բետոնե պատերի անկյուններում էինք պատսպարվել: Լուսադեմին նստեցինք մեքենա, վերցրինք ամենաանհրաժեշտ բաներն ու դուրս եկանք գյուղից: Արկերի պայթյունի տակ մեքենայով կարողացանք մի կերպ դուրս գալ գյուղից»,-մեզ հետ զրույցում պատմում է Սոս Պետրոսյանը:
Սոսն ասում է, որ այս երկու ամիսների ընթացքում հաճախ է գնում գյուղ, որտեղ արդեն ամեն ինչ անճանաչելի է` տները թալանված ու քանդված, գյուղը` դատարկ ու տխուր…
«Ապագան շատ անորոշ է, բայց այն, որ առաջին հնարավորության դեպքում կրկին կվերադառնանք Թալիշ` հաստատ է»,-ասաց նա:











