2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները հիշեցնում են պրոֆտեխուսումնարանի հաշվապահական հաշվառման դասընթաց, քանի որ ներկա չէին ոլորտների քաղաքական պատասխանատուներից մի քանիսը: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Թե բյուջեի քննարկումները, թե այստեղ ընթացող քննարկումները ձանձրալի էին, որովհետեւ մենք, ըստ էության, գործ ունենք երկու իրականության հետ՝ վիրտուալ իրականություն, որտեղ փաստաթղթերով ամեն ինչ հրաշալի է, եւ իրականություն, որտեղ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է փաստաթղթերին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ պետք չէր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից պահանջել 3 շաբաթում ներկայացնել մոնոպոլիստների ցանկը, քանի որ նրանց մի մասն ԱԺ դահլիճում է, իսկ մյուսներն էլ՝ դրսում են, եւ նրանց բոլորի մասին հասարակությունը գիտի:
«Երկրորդ, ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոն ստացողի զոքանչը մեկ տարվա ընթացքում դառնում է միլիոնատեր, երբ երեք տարի առաջ Արաբկիրի շուկայում գազար էր վաճառում: Հարցեր, որոնք մենք իրավունք ունենք տալու: Ասում ենք՝ կեղծ հայտարարագրերի դեմ պայքարենք: Բարձրաստիճան պաշտոնյաները ոչ Մանթաշովի ժառանգներն են, ոչ գանձ են գտել, բայց նրանց քենիներն ու բաջանաղները միլիոնատերերը եւ հատկապես զոքանչները, որոնց նկատմամբ միլիոնատեր պաշտոնյաները հատուկ վստահություն ունեն եւ իրենց ունեցվածքի մեծ մասը նրանց անունով են գրանցում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ վստահություն չկա, երբ նախարարը հայտարարում է, թե կոռուպցիոն դեպքերի մասին տեղեկատվության դեպքում դիմեք թեժ գիծ:
Նաիրա Զոհրաբյանի ելույթին ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Խեղճ զոքանչներ, ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:











