Գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու երկարատեւ խոստումներից հետո «Հանրապետական» կուսակցությունը Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծեց պոմիդորահեն տնտեսություն: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«2015թ.-ին Հայաստանի խղճուկ 3 տոկոսանոց աճի 70 տոկոսն ապահովել է գյուղատնտեսությունը, որն էլ մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Այսինքն, եթե 2015թ. երկու հատ կարկուտ ավել գար, երկու անձրեւ պակաս, ապա մեր 3 տոկոսանոց տնտեսական աճը 50 տոկոսով կկրճատվեր: Գյուղատնտեսությունն ու պարենային անվտանգությունը դուրս են քննարկումից, բայց արդյոք կարո՞ղ ենք ունենալ ագրարային տիպի երկիր նույնիսկ ամենաարտահանելի ծիրանով եւ պոմիդորով: Քառօրյա պատերազմը տվեց այս հարցի պատասխանը. այսպիսի Հայաստանը շանս չունի գոյատեւել այս տարածաշրջանում, որովհետեւ կան երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը որպես բանջարեղենամրգային դեսերտ խժռելու ժամանակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հայաստանի տնտեսության դեմքը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը, ոչ թե պոմիդորը: Այսօր, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանը պետք է լիներ սեփական սպառազինությունների թիվ մեկ մատակարարը. «Սա հեշտ չէ, սակայն այն հաջողությամբ հաղթահարելը մեր պարտքն է մեր նահատակների ու սերունդների առաջ»:
Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Այո, Կարթագենը պետք է կործանվի: Շատ կարեւոր է, որ այս դահլիճում հայրենասիրության գաղափարն է գերիշխում: Մեր հայտարարություններում եթե քննադատում էլ ենք, ապա դա պիտի անենք ուղղելու նպատակով, այլ ոչ թե իրար վրա քար նետելու համար: Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ ոչ միայն ճառ ասենք, այլեւ զանգ կախենք»:











