Երեւանի Կասյան փողոցի հարակից տարածքում այսօր՝ հունիսի 11-ին բացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:
Տոնավաճառի առաջին այցելուներից էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ոչ միայն ծանոթացան ամենամյա տոնավաճառին, այլեւ գնումներ կատարեցին:
Քաղաքապետը նախարարի եւ փոխնախարարների համար 1-ական կգ բալ գնեց, իսկ նախարարն իր համար հաղարջ գնեց:
Նախարար Սերգո Կարապետյանը գյուղացիներին հորդորեց ավելի էժան գնով վաճառել բերքը քաղաքացիներին: Հետաքրքրվելով ծիրանի եւ ելակի գներով, նախարարը գյուղացիներին հորդորեց ավելի էժան գնով վաճառել դրանք քաղաքացիներին: Նրան ամենից շատ զարմացրեց թթի գինը, որը մի քաղցրաշենցի կին էր վաճառում:
«Շատ թանկ է, ինչի՞ ես էսքան թանկ վաճառում, ուրիշներն ավելի էժան են վաճառում»,- ասաց նախարարը, որին կինը հակադարձեց. «Թանկ չի, դուք լավ գիտեք, թե այս տարի գյուղացիներն ինչքան են տանջվել բերք ստանալու համար, մանավանդ քաղցրաշենցիները: Համ էլ, հո էս գնով չենք վաճառում, սակարկելուց հետո միշտ էլ ավելի էժան ենք տալիս»:
Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն 6-րդ տարին է, որ կազմակերպվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, դրանից գոհ են մնում եւ գյուղացիները, եւ քաղաքացիները:
«Կան մթերքներ, որոնք մի քիչ թանկ են վաճառվում, բայց հիմնականում եւ գյուղացիները, եւ քաղաքացիները գոհ են տոնավաճառից, իհարկե, ինչպես միշտ դժգոհողներ էլ կան»,- ասաց նա:
Նշենք, որ տոնավաճառ կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:












