Անցած տարվա համեմատ այս տարի հանրապետությունում բերքն ավելի քիչ է, սակայն, գյուղացիներն այն ավելի էժան են վաճառում: Այս մասին այսօր` հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի մասնակից գյուղացիները` նշելով, որ բերքի սակավությունը պայմանավորված է հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությամբ ու կարկտահարությամբ:

«Այս տարի ավելի էժան ենք վաճառում, չնայած բերքը քիչ է, եթե անցած տարի սպիտակ կեռասը 600 դրամով ենք վաճառել, այս տարի 500 դրամով ենք վաճառում: Պայմանավորված է նրանով, որ քաղաքացին էլ  ֆինանսական միջոցներ չունի, աշխատատեղերն էլ են շատ քիչ ու մենք էլ հարմարվում ենք նրանց հետ, որ մեր բերքն էլ վաճառվի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ Անահիտ Հարությունյանը:

Գյուղացիների խոսքով, ցրտահարությունից եւ կարկտահարությունից ամենաշատը տուժել է ծիրանը. «Շատ սակավ է ծիրանի բերքը, չգիտեմ դեռ ինչ գնով կվաճառվի` անցած տարվա համեմատ ավելի  էժան կլինի, թե ոչ, բայց հաստատ է, որ ծիրան համարյա չկա»:

Գյուղացիներից մի քանիսն էլ դժգոհեցին, որ իրենց հատկացված տաղավարները շատ փոքր են, որն էլ անհարմարություններ է առաջացնում ապրանքը վաճառելիս: Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներից Հայրապետ Հայրապետյանը նշեց, որ հաճախ է անհարմար տաղավարների պատճառով տարաձայնություններ ունենում տոնավաճառի մյուս գյուղացիների հետ. «Թող քաղաքում մի երկու տեղ էլ այսպիսի շուկա բացեն, որ տեղի կռիվ չանենք, հենց բացվում է, բացվելու պահից տեղի կռիվ ենք անում: Շատ քիչ է տարածքը լինում, չես իմանում` որը որտեղ դնես»:

Տոնավաճառից առեւտուր անող Երեւանի շատ բնակիչներ էլ դժգոհեցին, որ գյուղացիները բերքն այնքան էլ էժան չեն վաճառում եւ տոնավաճառում բանջարեղենի ու մրգի գինը համարյա չի տարբերվում խանութների գնից:

Նշենք, որ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին: