Ոստիկանությունը հաղորդում է, որ հունիսի 4-ին Կոմիտասի պողոտայի մի բնակիչ զանգահարել ու ասել է, որ ինչ-որ մեկը մտել է իր տուն ու հարձակվել իր վրա: Ոստիկանները ահազանգողի տուն են գնացել, այն գտել են տակնուվրա արված, շուրջբոլորն արյուն է եղել, երկու տղամարդիկ եղել են արնաթաթախ:

Տանտերը պատմել է, որ անծանոթ տղամարդը ցելոֆանով փաթաթած մուրճը ձեռքին մտել է իր տուն:

«Ես շատ վատ էի, ոչինչ չէի տեսնում աչքերիս առաջ, ուղղակի ժամանակին սպորտով պարապած մարդ էի, կարողացա ձեռքից խլել ցելոֆանը, ընկա տեղաշորի վրա: Սպարտիվկեն քաշեց գլխիս, ինձ հրեց մահճակալի վրա եւ սկսեց խեղդել: Կարողացա մի կերպ ճիրաններից դուրս գալ, հարվածեցի աչքին»,- ոստիկաններին պատմել է տանտերը:

Տանտիրոջ վրա հարձակված տղամարդը եղել է վատ վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց: Նա բուժօգնություն ստանալուց հետո ոստիկաններին ասել է, թե նման բան է արել, պարզապես որովհետեւ ցանկանում էր կալանավայր գնալ ու «ուղեգիր» էր ուզում  ստանալ: