«Քվանտ» վարժարանի սան 15-ամյա Սպարտակ Աղաբաբյանի կուրսային աշխատանքը «Տեսլայի սյուն» սարքելն է եղել, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմը փոխում է մտադրությունը:

1-2 ամսում Սպարտակը պատրաստում է մի սարք, որը հնարավոր է ծառայեցնել ռազմական նպատակների:

«Այս սարքով հնարավոր է բջջային հեռախոսակապի մեջ խանգարումներ առաջացնել, ինչ-որ չափով փորձը հաջողվեց: Այդ ժամանակ նկատեցի, որ հեռախոսի touch screen համակարգը սկսում է աշխատել սարքի ազդեցությունից, հետո պատահաբար տեսա, որ այն ազդում է նաեւ հեռուստացույցերի, ռադիոյի աշխատանքների վրա եւ որոշ ռադիոալիքներում աղմուկ է առաջացնում»,- պատմում է Սպարտակը:

15-ամյա տղային այս արդյունքն ամբողջությամբ չի գոհացնում. ծրագրում է սրանով անօդաչու թռչող սարքերի մեջ խափանում առաջացնել: Սպարտակի խոսքով՝ իր սարքած մոդելը նախնական է, վերջնական տարբերակն ավելի հզոր եւ ինտենսիվ է լինելու:

«Սարքը պատրաստելու համար որոշ տարրեր են պետք եղել, որոնք իմ խնայողություններով եմ գնել, մոտավորապես 5-10 հազար դրամ եմ ծախսել»,- ասում է Սպարտակը:

Նմանատիպ սարքեր աշխարհում շատ կան, սակայն Սպարտակի պնդմամբ, առաջին անգամ է, որ այն կարելի է կապել touch screen-ի, ռադիոյի եւ հեռուստացույցի հետ: Ավելին, Հայաստանն անօդաչու թռչող սարքեր չեզոքացնող նման սարք չունի: Օրերս վարժարան այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է սարքին: Բաց է այն հարցը, թե արդյոք պետությունը կօգտագործի պատանու սարքը ռազմական ոլորտում, թե ոչ: