Հայաստանում 615 հազար վարձու աշխատող կա, որից 254 հազարը պետական բյուջետային հիմնարկների աշխատողներ են, որոնք առաջնային հարկատու չեն, որովհետեւ նրանց աշխատավարձը գոյանում է ուրիշների հարկատուների հարկերից, ստացվում է 361 հազար ակտիվ հարկատու, որոնց վրա է ընկած նաեւ 525 հազար թոշակառուների վճարման բեռը: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Փոխանակ պետությունն այդ մարդկանց փայփայի, տարեցտարի նրանց թիվը նվազում է, նրանց վրա ընկած հարկային բեռն ավելանում է: Նրանց խնդիրը պետությունը փորձում է լուծել՝ շրջանառության հարկի շեմը բարձրացնելով մինչեւ 15 մլն դրամ: Ասում են՝ դա ժամանակավոր միջոցառում է եւ 2019-ին դա պիտի դառնա 40 մլն: Բայց առաջ այդ շեմը 58 մլն էր: Ստացվում է նախկին շեմից 18 մլն-ով հետ ենք գնում: Էսօր արդեն էս մարդկանց վրա է ընկած 361 հազար առաջնային հարկ վճարողների վրա 525 հազար թոշակառուների վճարման բեռը: Ու դեռ 2018 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի բաղադրիչն է ավելանում։ Այսինքն՝ պետությունն այս մարդկանց բռնել քամում է. սրա արդյունքը՝ արտագաղթի տեմպի աճը, գործազրկության աճը»,-ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր՝ 249 հազար մարդ ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ, որոնց համար եկամտահարկը նվազում է ամսական 980 դրամով, փոխարենը ստանում է ակցիզային հարկի մեծ փաթեթ, որի արդյունքում թանկանալու է ծխախոտը, օղին: «Կառավարությունն ասում է մենք չենք խրախուսում ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այսինքն էս մարդիկ Նոր տարի չեն անելու, իրենց տանը ծնունդ չեն անելու, այսինքն նրանց տուն մի հյուր չի մտնելու: Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետեւից, որ էդ մի շիշ արաղն էլ չլինի:
Թանկանում է բենզինը, դիզվառելիքը, լիցքավորման գազը: ԱԺ նախագահը սենսացիոն հետեւություն է անում, ասում է՝ խմեք թրմօղի, քշեք հեծանիվ: Բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞, վարուցանքն էլ գութանով անենք չէ՞, միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով չէ՞: Երեւան-Ռոստով ամենօրյա լյուքս դասի ֆայտոնները դուրս են գալու Հանրապետության հրապարակից ու քշեն Ռոստով»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:











