Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 14-ին, պաշտպանական կողմի հարցերին պատասխանեց գործով տուժող Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը:

Պաշտպանական կողմի հարցին` ինչու նախաքննական ցուցմունքում Գեղամ Խաչատրյանն ասել է, որ Ազատության հրապարակում ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը սայթաքել ընկել է, իսկ դատաքննության ընթացքում տված ցուցմունքում նշել, որ հնարք  կիրառելուց հետո է ընկել ակտիվիստը, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց, որ հիվանդանոցից նոր է դուրս եկել, ինքնազգացողությունը վատ է եղել, լավ չի հիշել դեպքը եւ միայն տեսագրությունը նայելուց հետո է կարողացել հիշել դեպքի մանրամասները:

Գեղամ Խաչատրյանը նշեց, որ տոնածառի հանդերձանքով քաղաքացին կասկածի տեղիք է տվել եւ քաղաքացիների անվտանգությունից ելնելով թույլ չեն տվել մտնել նրան Ազատության հրապարակ:

Հարցին` ով է հրաման տվել թույլ չտալ Ազատության հրապարակ տոնածառ մտցնել, գործով տուժողը պատասխանեց «ձեր կողմից այդքան սիրված  հրամանատար Խաչիկ Ավետիսյանը», որին փաստաբանը կատակով հավելեց` «այդպիսի հրամաններն ավելի շատ հիշեցնում են ստալինյան ժամանակները»: Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ տուժողի նախաքննական ցուցմունքներում եւ դատարանում ասած ցուցմունքում էական հակասություններ կան:

«Իր նախաքննական ցուցմունքներում տարբեր ձեւ է նկարագրել դեպքը, իսկ դատարանում ընդհանրապես այլ բան է ասում: Եթե փոխադարձ հարվածներ են տեղի ունեցել, եթե Գեղամն ասում է, որ հավաքի մասնակիցներից ութ հոգի հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին, ապա ինչու է միայն Գեւորգին մեղադրանք առաջադրվել: Սա ապացուցում է, որ Գեւորգը հալածվում է, արհեստածին մեղադրանք է նրան առաջադրվել եւ նպատակ ունի սահմանափակելու Գեւորգի գործունեությունը»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ պաշտպանական կողմի համարյա բոլոր հարցերին գործով տուժողը չէր պատասխանում, դատարանն էլ հարցը հանում էր` նշելով, որ հարցը կրկնվում է, կամ մեղադրանքի հետ կապ չունի: Դատարանի այս վերաբերմունքը դժգոհություն առաջացրեց դատական դահլիճում նստածների շրջանում, նրանցից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը նստած տեղից գոռաց. «Դե վերջացրեք, ամոթ է, այնպիսի տպավորություն է, որ հարցերը դատարանին է ուղղված, ծախու սրիկաներ», ներկաներից մեկն էլ ասելով` «կեցցե սովետական դատարանը», լքեց նիստերի դահլիճը:

Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: