Անկախ նրանից ով` ինչ մեծ բան ունի, պետք չի, որ իրա գլխից մեծ-մեծ թռնի: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով նախորդ ելույթ ունեցողներին:
«Այս օրենսգիրքը պետք է քննարկվի առարկայական, հանգիստ, առանց հիստերիկաների, առանց ամպագորգոռ հայտարարությունների, առանց վիրավորական եւ անշնորհք բառերի, առանց նրա, որ մեկս մյուսին անվանարկելով ընտրություններից առաջ անձնական հարցեր լուծի»,-ասաց նա:
Նաղդալյանի խոսքով, վերջին 18 տարիներին կտոր-կտոր լրացումների ու փոփոխությունների ենք ենթարկել հարկային օրենսդրությունը: «Այս իմաստով, անհրաժեշտ էր օրենսգրքի ընդունումը:Ժամանակ է եղել, որ ամեն օր հարկային օրենսդրություն է քննարկվել, ժամանակ է եղել, որ ոչ միայն տնտեսվարողները, այլեւ տեսուչները չեն հասցրել յուրացնել փոփոխությունները: Ժամանակ է եղել, որ պայմանավորվել ենք մորատորիում դնել, 2-3 տարի ձեռք չտալ օրենսդրությանը, որպեսզի տնտեսվարող համայնքը հարմարվի դրան: Հիմա վերջապես հսկայական աշխատանքի արդյունքում այսօր հանրության դատին ենք ներկայացրել ստվար մի փաստաթուղթ»,-ասաց նա:











