Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստի սկզբում դատարանի առջեւ ի նշան բողոքի պառկած ակտիվիստ Վարդգես Գասպարին մեկ ժամ շարունակել է իր ակցիան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վարդգես Գասպարիի համար «Շտապօգնություն» է եկել դատարան, սակայն Գասպարին հրաժարվել է բուժօգնությունից, թույլ չի տվել, որ չափեն ճնշումը, ապա որոշ ժամանակ անց վեր է կացել ու տուն գնացել:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Գասպարին հրաժարվել էր ոտքի կանգնել, այդ պատճառով դատարանը նրան այսօր թույլ չտվեց մասնակցել նիստին: Ի նշան բողոքի՝ ակտիվիստը պառկեց դատարանի առջեւ:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:











