Միայն կարող եմ ասել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը եւ պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իրեն դրսեւորել է փայլուն կերպով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով «Ոտքի Հայաստան» նախաձեռնության տարածած տեսանյութը:

«Ով տեղադրել է տեսանյութը, նրանից էլ մեկնաբանություն հարցրեք, նաեւ այն՝ արդյոք այն իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Ես միայն կարող եմ ասել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը եւ պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իրեն դրսեւորել է փայլուն կերպով»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու մի խումբ ակտիվիստներ հունիսի 13-ին երթով գնացել էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ եւ բաց նամակ հանձնել՝ հասցեագրված կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին: Նամակի հետ նրանք նաեւ տեսանյութ են հանձնել, որն, ըստ նրանց, ապացուցում է, որ ապրիլի սկզբին Ադրբեջանն է ագրեսիա սկսել Արցախի դեմ:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ հաղորդում են, որ հակառակորդը մոտենում է, սակայն նրանց ասում են՝ սպասել: Լսվում են նաեւ հայհոյանքներ, թե ինչու իրենց չեն թողնում կրակել: