Հարկային նոր օրենսգրքի գլխավոր սկզբունքը հարկաբյուջետային կայունությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով, այս հարկային օրենսգիրքը քննարկվում է 6-7 տարի, մի 5-6 անգամ միայն հայեցակարգեր են ներկայացվել, ու դեռ 25 քննարկում է լինելու:

«Ուշադիր կլինեմ, եւ դուք կտեսնեք քննարկում, այնպես չէ, որ այստեղ հեռուստացույցով ցույց են տալիս, մարդիկ, որ ընդհանրապես քննարկումներին չեն մասնակցել, հանկարծ տեսնում են, որ կարող են իրենք հեռուստատեսությամբ երեւալ, միանգամից թռնում են ամբիոն մոտ ու սկսում են սենց իրենց թափ տալ»,-ձեռքերը թափահարելով ասաց Այվազյանը:

Վարդան Այվազյանն անդրադարձավ օրենսգրքի վերաբերյալ հնչած ելույթներին եւ ասաց.«Քանի որ անդեմ հարցադրում եղավ, անդեմ էլ պատասխանեմ ոմանց: Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը, մարդ որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում դա վերածվում է քաղաքական բճության, բիճ ա դառնում, պապա է ման գալիս, ճուտ: Հետո որ ընկնում է ինքն այդ իրավիճակի մեջ, հատկապես երբ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված, բնականաբար ինքը պետք է ցույց տա, որ ընդդիմադիր կեցվածք ունի մեկ ու մեջ: Մի հատ լավ ընկեր ունի՝ ասում է, այնքան հեշտ է համարձակ լինել, երբ թույլատրված է, թույլատրությունը հանում ես, տակ բան չի մնում: Քանի որ երրորդ դեմքով է գնացել, երրորդ դեմքով եմ ասում, հետեւությունները թողնում եմ մարդկանց: Պատրաստ եմ մինչեւ վերջ աշխատելու եւ իմ բաժին քաղաքական պատասխանատվությունը կիսելու»:

Հավանաբար, Վարդան Այվազյանը պատասխանում էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ելույթին, ով նշել էր. «Այդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունե՞ք, որ հասկանաք»: