Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր՝ հունիսի 16-ին, կրկին վիճեցին։
Համայնքների խոշորացման մասին օրինագծի քննարկման ժամանակ Վարդան Այվազյանը հորդորեց պատգամավորներին խոսել ըստ էության։ «Կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքից»,- ասաց Այվազյանը։
ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը հունից հանեց ընդդիմադիր Հրանտ Բագրատյանին, նրանք սկսեցին վիճել։
«Հանգիստ նստի տեղդ, այ քեզ բան, վունդերկինդ, հանգիստ, այ քեզ բան: Էս ազվերին կերածներին հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ»,-ասաց Վարդան Այվազյանը, ինչին Բագրատյանն արձագանքեց. «Դե արի հանգստացրու, տեսնեմ»:
Պատգամավորները փորձում էին հանգստացնել նրանց. «Արա, նստի, ամոթ ա: Վարդան, հետ արի, ամոթ ա»,-ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց կողմերին ընդմիջմանը քննարկել հարցը։
Պատգամավորները, սակայն, որոշեցին հարցը քննարկել հենց նիստերի դահլիճում՝ փորձելով մոտենալ միմյանց։ Միայն մյուս պատգամավորների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվեց դահլիճում։
Նիստը շարունակվում է։











