Գյումրիի բարեկարգ փողոցներով պետք է քայլեն ավելի բարձր կենսամակարդակ ունեցող գյումրեցիներ։ Այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ասաց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկմանը։
«Լավ փողոցներով պետք է քայլեն գոնե միջին կենսամակարդակ ունեցող մարդիկ։ Եթե լավ փողոցներով քայլեն աղքատ մարդիկ, երեխաներ, որոնք չունեն հագուստ, կո՞ղմ եք դրան։ Բնականաբար ոչ, Գյումրիի փողոցներով համապատասխան մարդիկ պետք է քայլեն»,- ասաց Միքայել Մելքումյանը։ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը կողմ է վարկին, սակայն դրան զուգահեռ պետք է զարգացնել նաեւ տնտեսությունը, բացել այն արտադրամասերը, որոնք ժամանակին փակվել են։ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը տեղից հորդորեց խոսել ըստ էության։ Պատգամավորները սկսեցին վիճել։
«Ուշադիր լսեք, տիկին Աճեմյան, թե ինչ եմ խոսում»,- բարկացավ Միքայել Մելքումյանը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց հարգանքով վերաբերել միմյանց՝ չմոռանալով, թե որ հարցն է քննարկվում Ազգային ժողովում։
Նշենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:
14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:
Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով:











