Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Նաիրա Կարապետյանի համար զարմանալի է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, թե ինքը 3 անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն իր ծննդավայրի մասին որեւէ հարց չի բարձրացրել։

«Գյումրիի խնդիրներով բոլորն են մտահոգված, սա շատ ողջունելի է, սակայն իմ գործընկերոջ պնդումները, թե երեք անգամ պատգամավոր է ընտրվել եւ իր ծննդավայրի մասին որեւէ հարց չի բարձրացրել, ինձ համար զարմանալի են։ Սա նշանակում է, որ հարգելի գործընկեր, դուք ընդամենը խոսում եք, մենք գործ անողն ենք։ Եթե ժամանակին դուք էլ գործ արած լինեիք, ապա այժմ երեւի այսքան վարկի կարիք չէր լինի»,- այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ասաց Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկմանը։

Նշենք, որ մինչ այդ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ ինքն այսքան ժամանակ իր հայրենի քաղաքի հարցը չի բարձրացրել. «Ինձնից նեղացել են, սակայն Ազգային ժողովի պատգամավորը Հայաստանի պատգամավոր է եւ պետք է մտածի ամբողջ երկրի մասին, ոչ թե միայն Գյումրիի»։

«Մենք մտածում ենք Հայաստանի մասին, անհոգ եղեք»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:

14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:

Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով: