ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր՝ հունիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոսքը դեպի «Արամ Խաչատրյան» համերգասրահ չէր դադարում: Սիրելի երգչուհուն հրաժեշտ տալու էին եկել քաղաքական, հասարակական ու արվեստի գործիչներ, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Լյովա Խաչատրյանը, երգիչներ Ռուբեն Մաթեւոսյանը, Թովմաս Պողոսյանը, Դավիթ Ամալյանը, Արամոն եւ այլք:
Օֆելյա Համբարձումյանի հրաժեշտի խոսք ասացին Հովհաննես Չեքիջյանը, Ռուբեն Մաթեւոսյանը: Վերջինս իր խոսքի վերջում հուզվեց եւ դժվարանում էր շարունակել:
Օֆելյա Համբարձումյանի մարմինը Օպերայի շենքից դուրս բերեցին ծափողջյուններով եւ նրա երգի հնչյունների ներքո: Այդ պահին հորդառատ անձրեւ էր տեղում:











