Հայաստանը նման է ասեղի վրա նստած նարկոմանի, որն ամեն չափաբաժին ընդունելիս հասկանում է, որ ինքը կործանվում է, սակայն չի կարողանում այդ թույնից հրաժարվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում եւ կից օրինագծերում փոփոոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։
«Առողջացման մի ծրագիր էլ Հայաստանին է պետք, սնանկացման վտանգի մի վարույթ էլ Հայաստանի համար պետք է հարուցել։ Հայաստանը գտնվում է կրիտիկական վիճակում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանին պետք է փրկության ծրագիր։ Այնուամենայնիվ, Ջհանգիրյանը հորդորեց կողմ քվեարկել այս նախագծին։
Նշենք, որ օրինագծերի փաթեթը նախատեսում է սնանկության կամ նախասնանկության վիճակում գտնվող ձեռնարկություններին օգնել ֆինանսական առողջացում անցնել: Միաժամանակ առողջացման ծրագրերի ժամկետները կմեծացվեն 24-ից մինչեւ 72 ամիս, իսկ ֆինանսավորումը պարտապանները պետք է ներգրավեն իրենց վարկատուներից:











