ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի փոշմանել, որ նախօրեին ԱԺ-ում վիճել է ընդդիմախոսների ելույթները քննադատող՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ:

«Ափսոսում եմ, որ նման բան է եղել, բայց չեմ փոշմանել: Կան մարդիկ, որ նման առաջադրանք են ստանում: Ազգային ժողովն այն տեղն է, որտեղ բոլորը պետք է որակում տան քննարկվող օրենքին, ոչ թե միմյանց: Ազգային ժողովում կարգ պետք է լինի: Խոսվում է քննարկվող թեմայից, պետք չի որակավորել՝ լավ ասաց, թե վատ»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

Հարցին՝ արդյոք տարաձայնություններ ունի՞ Վարդան Այվազյանի հետ, Բագրատյանը բացասական պատասխան տվեց. «Ես պատգամավորի հետ ինչ տարաձայնություն պիտի ունենամ»:

Նշենք, որ հունիսի 16-ի ԱԺ նիստի ժամանակ քիչ էր մնում ձեռնամարտ սկսվեր Վարդան Այվազյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ: Վարդան Այվազյանը քննադատում էր համայնքների խոշորացման նախագծի ընդդիմախոսներին, ինչի վրդովվեց Հրանտ Բագրատյանը:

«Հանգիստ նստի տեղդ, այ քեզ բան, վունդերկինդ, հանգիստ, այ քեզ բան: Էս «ազվերին» կերածներին հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ»,-ասաց Վարդան Այվազյանը, ինչին Բագրատյանն արձագանքեց. «Դե արի հանգստացրու, տեսնեմ, զզվացրիք»:

Պատգամավորները փորձեցին հանգստացնել նրանց: