Հունիսի 11-ին, ժամը 22.25-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության  Շենգավիթի բաժին, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեւանաբնակ 18-ամյա երկու երիտասարդներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  րոպեներ անց հիվանդանոց հասած ոստիկանները տուժողների հետ զրույցից պարզել է, որ նրանք հիվանդանոցում են հայտնվել կինո «Հայրենիքի» մոտ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով:

Ոստիկանները պարզել են, որ նրանք վիճել են ոմն Սարգսի եւ նրա ընկերոջ հետ: Հետագա գործողություններով ճշտվել է նրանց ինքնությունը եւ հասցեն: Ի վերջո, նրանք ինքնակամ եկել են ոստիկանություն եւ խոստովանական բացատրություն տվել:

Դեպքը տեղի է ունեցել 21.30-ի սահմաններում, Շենգավիթի շրջանի դպրոցներից մեկի մոտ: Պատանիների վեճն աղջկա պատճառով է եղել: Ըստ նախնական վարկածի, նախօրոք պայմանավորվել ու հանդիպել էին, որ պարզեն ծագած տարաձայնությունը: Սակայն խոսակցությունն արագ թեժացել ու վերածվել էր ծեծկռտուքի:

Կասկածյալների ասելով, իրենք երկուսով են եղել, իսկ տուժողները բավական շատ:

Ծեծկռտուքի ընթացքում, տեսնելով, որ ընկերոջը գետին են տապալել ու մի քանի հոգով հարվածում են, Սարգիսը հանել էր ծալովի դանակն ու հարձակվել նրանց վրա, փորձելով այդկերպ ազատել ընկերոջը ծեծից: Արդյունքում մարմնական վնասվածք էին ստացել երկու երիտասարդ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: