Դավիթաշենի երկրորդ թաղամասում ոստիկանները նկատել են երեք քաղաքացու, որոնք մտնում էին շենքի մուտքերն ու դուրս գալիս: Ոստիկանները մոտեցել են, սակայն նրանց տեսնելով, նրանցից մեկը գցել էր մոտի դրամապանակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փորձել էին փախչել, բայց իրավապահները երեքին էլ բռնել ու բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել:
Դրամապանակում բնակարանի դռներ բացելու հարմարեցված բանալիներ, ինքնաշեն գործիքներ ու զանազան դետալներ կային, որոնք արդեն իրեղեն ապացույցներ էին: Միջադեպից մեկ ժամ անց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է տվել մի քաղաքացի, որը հայտնում էր, որ նույն օրը ինչ-որ մեկը փորձել է բացել նշված շենքում գտնվող իր բնակարանի դուռը: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալները ոչ միայն Դավիթաշենում, այլեւ Երեւանի տարբեր վարչական շրջաններում կատարել են մի շարք բնակարանային գողություններ:
Միշտ երեքով էին գործում, ստուգում էին՝ տանը մեկը բնակվո՞ւմ է, թե ոչ: Դռան վրա նշան էին անում ու երբ համոզվում էին, որ մարդ չի ապրում, գործի էին անցնում: Միմյանց ազդանշան տալու համար նույնիսկ ռադիոկապ են ունեցել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











