Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի շենքերից մեկի բնակիչները շենքի նկուղում բռնկված հրդեհից առաջացած ծուխը պատուհանից տեսնելով՝ մտածել են, թե խորոված են անում բակում:

«Ծխի հոտ զգացի, պատուհանից նայեցի, ինձ թվաց՝ խորոված են անում: Եկա, մտա ննջասենյակ, որ պատուհանը փակեմ, տեսա, որ ծուխ է ահավոր: Միջանցքի դուռը բացեցի, որ գնամ, հազիվ հասցրի բանալիով կողպել դուռը ու դուրս վազել»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից Անահիտ Թադեւոսյանը:

Բնակիչները նշեցին, որ ծխի հետեւանքով վնասվել են իրենց տան մանրահատակները:

Հրդեհը, նրանց խոսքով բռնկվել է հոգեկան հիվանդություն ունեցող բնակչի նկուղում, հենց նրա թոռներն էլ ծխի հետեւանքով վատ են զգացել իրենց, տեղափոխվել են հիվանդանոց: 

«Մի ժամանակ անձրեւաջրերն էր լցնում, լցվում էր մեր բնակարաններ, հիմա էլ պաժառ տվեց: Ինչ աղբ կա տանում, լցնում է նկուղը որովհետեւ»,- ասաց բնակիչներից մեկը:

Ծուխը զգալով բնակիչները բոլորը դուրս են վազել: Նրանցից միայն մեկ 81-ամյա կին է մնացել բնակարանում, քանի որ անկողնային հիվանդ է: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ, հարազատների խոսքով, վիճակը բավարար էին գնահատել:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին՝ ժամը 17.54-ին ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 19 շենքի նկուղից ծուխ է դուրս գալիս, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկրարները հրդեհը մեկուսացրել են ժամը 19.25-ին, մարել 19.56-ին:  Այրվել է կենցաղային աղբ՝ 20 քմ տարածքում:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են տարահանման աշխատանքներ: Բնակարաններից տարհանվել են՝ Գ.(2015թ. ծնվ.), Հ. (ծնվ. 2011թ.), Ա. Խ.-ը եւ Է. Խ.-ը (1932թ. ծնվ.):

Գ եւ Հ. Խ.-ը ծխահարումով հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, իսկ Է. Խ.-ը «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները Գ. եւ Հ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: