«Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Շտեֆֆեն Քյոնիգերը Բրանդենբուրգի դաշնային խորհրդարանում ելույթի ժամանակ ողջույնի խոսքը սկսել է գենդերային բոլոր հնարավոր տարբերակումները թվարկելով: «Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, նույնասեռականներ, լեսբուհիներ, անդրոգիներ, բիսեքսուալներ, ինտերսեքսուալներ, ասեքսուալներ, գենդերքվիրներ, գենդերամիջանկյալներ, տրանսվեստիտներ, հերմաֆրոդիտներ, երրորդ սեռի ներկայացուցիչներ, չորրորդ սեռի ներկայացուցիչներ, անսեռներ, տղամարդ-կանայք, կին-տղամարդիկ…» եւ այսպես շարունակ քաղաքական գործիչը թվարկել է 60 գենդերային տարբերակումները:

Խոսնակը փորձել է ընդհատել նրան եւ հարց տալ, սակայն զեկուցողը խնդրել է թույլ տալ ավարտին հասցնել իր ողջույնի խոսքը:  

Քյոնիգերն այդ կերպ որոշել էր ցույց տալ, թե ինչպիսի աբսուրդի կարող են հասցնել իրավունքների ոտնահարումների մասին քննարկումները: Ելույթը նվիրված էր «Բրանդենբուրգում գենդերային բազմազանության մեծացման եւ հոմոֆոբիայի դեմ» օրինագծին: Բուն ելույթը տեւել է 2 վայրկյան: «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը մերժում է միջնորդությունը»,- ասել է քաղաքական գործիչը: