Մոսկվայի մետրոպոլիտենի ներքին գործերի վարչության երկրորդ բաժնի ծառայության 26-ամյա տեսուչ Քրիստինա Նեգոդինան էրոտիկ պարի միջոցով բողոք է հայտնել աշխատանքի գնահատման «ձողային համակարգի» դեմ: Տեսանյութը հրապարակվել է Govi Dandorovi օգտատիրոջ YouTube-ի ալիքում:
«Ողջույն, գործընկերներ: Ո՛չ «ձողային համակարգին»»,- տեսանյութի սկզբուն ասում է Նեգոդինան: Նա նաեւ կոչ է անում միանալ արհմիությանը: Այնուհետեւ ոստիկանության աշխատակցուհին պարում է Վալերի Մելաձեի «Ճերմակ թռչուններ» երգի ներքո: Միաժամանակ, ըստ Life-ի, ոստիկանության աշխատակիցների մոսկովյան արհմիության ղեկավար Միխայիլ Պաշկինը նշել է, որ աղջիկը կազմակերպության անդամ չէ: Նա Նեգոդինայի ղեկավարությանը նաեւ խորհուրդ է տվել ստուգել նրա հոգեբանական վիճակն ու թմրանյութերի թեստ կատարել:
Մոսկվայի ոստիկանությունը ստուգումներ է սկսել: Աղջիկը, սակայն, պնդում է, որ իր պարը միանգամայն այլ իմաստ է ունեցել, իսկ անձնական նամակագրությունից տեսանյութը համացանցում տարածել է մերժված երկրպագուն:
«Ձողային համակարգը», որի պարագայում աշխատանքը գնահատվում է բացահայտված հանցագործությունների եւ իրավախախտումների կանխման թվով, ռուսական ՆԳՆ-ում ներդրվել է 1990-ականներին: 2010 թվականին նախարար Ռաշիդ Նուրգալիեւը հայտարարել էր դրանից հրաժարվելու մասին, սակայն մինչեւ հիմա լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվում, որ համակարգն իրականում պահպանվել է:











