Հունիսի 26-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հայտնաբերել եւ բերման են ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ Արմեն Կախյանին: Նա հետախուզման մեջ էր գտնվում սպանության եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Դեպքը, որի համար հետախուզվում էր Արմեն Կախյանը, տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 22-ին: Գիշերվա ժամը 2-ին Վանաձորի «Շտապօգնության» կայանից  հաղորդում էր ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ, ճանապարհի եզրին հյատնաբերվել է նույն գյուղի բնակիչ Նվեր Քոչինյանի դիակը:

Պարզվել էր, որ սպանությունը կատարել է Արմեն Կախյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 07.25-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակչից ահազանգել է ստացվել ,  որ այրվում է նույն գյուղում գտնվող, Արմեն Կախյանին պատկանող տունը։ Վերջին Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016 թվականի փետրվարի 22-ից գտնվում է հետախուզման մեջ՝ սպանության մեղադրանքով:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տունը երկհարկանի է, այրվել է 2-րդ հարկի մի հատվածն իր գույքով:

Նույն հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 0,5 լ տարողությամբ ապակյա շշով, բենզինի հոտով հեղուկ, քարի կտորներ, որոնցով ջարդվել են ննջարանի պատուհանները, իսկ առաջին հարկի պատի տակ` կտորե լաթերով փաթաթված փայտի կտորներ: 2-րդ հարկի միջանցքում` հայտնաբերվել են  նաեւ  այրված «РПК» տեսակի զենքի նմանվող մետաղյա իրան, 3 դատարկ պահունակ, 1 զսպանակ եւ ինքնաձիգի կրակված փամփուշտների 58 պարկուճներ:

Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել  է քրեական գործ (հրկիզման եղանակով գույքի դիտավորյալ ոչնչացում):