Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների կանայք գոբելեն են գործել իրենց ամուսինների դիմանկարներով: Արարատի մարզում բնակվող ինը կանանց աշխատանքները, որ կյանքի են կոչվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ, այսօր` հունիսի 29-ին`Անհայտ կորածների հիշատակման օրը, ցուցադրվեցին Տաթեւի վանական համալիրի տարածքում:
«Անհայտ կորածների հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է երկու ուղղությամբ` առաջինը մեր աշխատանքներն են անհայտ կորածների ճակատագրերի հետ կապված, մյուսը` աշխատանքները անհայտ կորածների ընտանիքների հետ, որոնց հետ անցկացնում ենք սոցիալ հոգեբանական ծրագրեր նրանց փոքր ինչ սփոփելու, աջակցելու համար, մինչեւ որ հնարավոր լինի տրամադրել պատասխան, թե ինչ է պատահել իրենց հարազատների հետ»,- NEWS.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Անհայտ կորածների կանայք մեկ տարի առաջ են ընդգրկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` գոբելենագործության ծրագրում: Իրենց ամուսինների դիմանկարներով գոբելեն գործելու համար հոգեբանական լուրջ արգելքներ են հաղթահարել:
«Սկզբում ինձ համար դժվար էր անգամ մտածելը նման բան անելու մասին: Մտածում էի` չեմ անի, չեմ կարողանա, որովհետեւ ոնց որ թե իր դեմքը դնես, ասեղով ստեղծես: Երբ նկարում ես, այլ է, իսկ այսպես` այլ: Երբ մեկինը պատրաստ էր արդեն, նայեցի, մտքափոխվեցի: Իհարկե, մեծ դժվարությամբ, բայց գործեցի»,- NEWS.am-ին ասաց Կարինե Թովմասյանը, որի ամուսինը` Ավետիք Թովմասյանը, 1992թ. անհայտ կորած է համարվում:
Կանայք մինչեւ այսօր էլ սպասում են իրենց ամուսիններին ու ինչպես իրենք են ասում, «բացակա չեն դնում»:
«Իրենք մեզ հետ են, մենք չենք համարում, որ իրենք չկան: Դիմանկարները գործելով էլ իրենց ներկայությունն ենք զգում, սփոփանք ու հանգստություն»,- նշեց կանացից մեկը:
Իրենց ամուսինների դիմանկարներից բացի կանայք նաեւ այլ նկարներ են գործել, որոնք նույնպես ներկայացված էին ցուցահանդեսում: Աշխատանքները երրորդ անգամ էին ցուցադրվում: Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է Երեւանում, երկորդրը` Վեդիում:
Արարատի մարզում անհայտ կորածների թիվը 31-ն է:
1992-1994թթ. Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով կա մոտ 4500 անհայտ կորած անձ, որոնք գրանցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում:













