Հունիսի լույս 24-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «Շտապօգնության» բրիգադը «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող չգործող բենզալցակայանից հիվանդանոց է տեղափոխվել 45-ամյա մի տղամարդու: Լեւոն Ստեփանյանը հետազոտվել էր: Նրա խոսքով, գլխի վնասվածքը քարի հարվածի հետեւանք էր:
Պարզվել է, որ Լեւոն Ստեփանյանը վնասվածքները ստացել էր ոչ թե բենզալցակայանում, այլ հարեւանությամբ գտնվող կիրճում, ապա անցել էր գետն ու բարձրացել այստեղ: Նրան օգնություն ցուցաբերած քաղքացին, տեսնելով, որ վիճակը ծանրանում է, զանգել էր «շտապօգնություն»:
Նախքան «շտապօգնության» հասնելը, Լեւանն ասել էր, որ ընկերը կիրճում է եւ խնդրել էր գնալ ու տեսնել՝ ինչպես է:
Օգնության հասած քաղաքացին կիրճում գտնում է Լեւոն Ստեփանյանի ընկերոջ դին՝ դեմքն ամբողջությամբ արյունոտ:
Պարզվել է, որ սպանվածը 49-ամյա Արսեն Պողոսյանն է: Նրա գլխի մասում եղել են վնասվածքներ: Տարածքում թափված ուտելիքի մնացորդները հուշում էին, որ դեպքից առաջ այս տեղ հավաքվածները հաց են կիսել:
Լեւոն Ստեփանյանը ոստիկաններին ասել է, որ իրեն քարով հարվածել է ոմն Սերգեյը: Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել են անչափահաս Սերյոժային: Վերջինս ոստիկանությունում պատմել է եղելությունը. «Հանդիպել ենք, խոսել ենք, շփվել ենք, իջել ենք «նաբերեժնի»: Փողի ու սիգարետի շուրջ վեճեր գնաց, տենց իրար խփեցինք»: Պարզվել է, պատճառը մեկ տուփ չգնված ծխախոտից սկսված ողբերգական ավարտով վիճաբանություն է եղել:











