Հունիսի 21-ին, 17.40-ին, Նոր Նորքի գայի պողոտք 1/1 շենքում կողոպուտ է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը այդ շենքում ժամադրել է տուժող կնոջը, շամպայնի շշով հարվածել դեմքին ու գողացել ոսկեղենը:

Երբ ոստիկանները հասել են դեպքի վայր, տուժողը դեռ այնտեղ է եղել: Նրա դեմքի արյունը շամպայնի շշով հարվածի հետեւանք էր:

«Եկել եմ, որ հանդիպեմ, տեսնեմ իրեն, ու միամիտ էստեղ ինքը բարձրացավ հելավ դեմս: Ասեցի՝ վախում եմ՝ ասեց՝ խի ես վախում: Չախկալ աչքերով էր, ֆռռաց, ասեց՝ իջի, իջի: Բրդեց գցեց ու շամպայնի շիշը խփեց ճակատիս»,-պատմել է տուժողը:

Դեպքի վայրում հատակին թափված ոսկեղենը հանձնվել էր տուժողին: Ըստ նրա՝ ինքը նախկինում չէր տեսել իրեն խփող տղային, խոսել էին միայն հեռախոսով, հանդիպման ժամ ու տեղ որոշել: Տղան ժամադրել էր այդ շենքում, որտեղ էլ դեպքը կատարվել էր:

Ըստ նախնական տվյալների, կնոջը շշով հարվածելուց եւ պարանոցի ոսկե շղթաները վերցնելուց հետո տղան վազելով իջել էր բակ ու վազել փողոցի ուղղությամբ:

Բակում կանգնած տաքսու վարորդը տեսել էր վազող տղային, ապա նաեւ արյունլվա կնոջը: Վարորդը փորձել էր բռնել տղային, բայց վերջինս մի մեքենա էր նստել ու հեռացել:

Ոստիկանները ճշտել են կասկածյալի արտաքին նկարագիրը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է տղայի կոտրված ակնոցը: Հարվածն այնքան ուժեղ էր եղել, որ շամպայնով շիշը կոտրվելուց ցիրուցան էր եղել:

Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը: Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ 37-ամյա Ալիկ Խաչատրյանն է, նրան որոնում են: