Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցավ կյանքի 79-րդ տարում վախճանված անվանի արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթեւոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը:

Հոգեհանգստին ներկա էին մշակութային, քաղաքական գործիչներ, հարազատներ:

«Հրաչյա Մաթեւոսյանը լրագրության համար ոնց որ հաց լինի, թոնիրի լավաշ, անարատ, մաքուր, պաշտամունքի արժանի, մարդկային լավագույն զգացմունքներն իր մեջ հավաքած, բյուրեղացրած, խտացրած, շատ մեծ մարդ։ Բայց սուսուփուս, համեստ էր իրեն պահում: Ազնվագույն ու անխոնջ մշակ էր մեր գրականության համար»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց գրող Վրեժ Սարուխանյանը:

ՀՀ արվեստի գործիչ Գագիկ Գինոսյանը, որը Հրաչյա Մաթեւոսյանի 25 տարվա մտերիմն է, հիշեց, որ արձակագիրը մինչեւ վերջ էլ գրում էր՝ թուղթը ձեռքին կամ իր գրամեքենայով: Հրաչյա Մաթեւոսյանը, Գագիկ Գինոսյանի խոսքով, մինչեւ իր կյանքի վերջին օրերին էլ ապրում էր հայ ժողովրդի խնդիրներով, մտածում էր ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու մասին:

Իր ընկեր արձակագրին Գագիկ Գինոսյանը կհիշի որպես բարի, ազնիվ մարդու:

«Սպիտակ մորուքով, բարի, ազնիվ: Չնայած վերջին տարիների իր առողջական խնդիրներին՝ աշխարհի վրա չչարացավ, բարությունը տասնապատկվեց, գերում էր իր բարությամբ»,- նշեց նա:

Հրաչյա Մաթեւոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 12-14.00-ը:

Հրաչյա Մաթեւոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երեւանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը եւ Երեւանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել եւ 1966 թվականին ավարտել է Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում եւ մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան):

Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթեւոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության եւ Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաեւ մանկական գրքերի:

Հրաչյա Մաթեւոսյանը Հրանտ Մաթեւոսյանի եղբայրն է: