Երեւանի Բուզանդի փողոցում այսօր՝ հուլիսի 5-ին, հատվել է երկու հաստաբուն ծառ: NEWS.am-ը Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել արդյոք այդ ծառերը ենթակա են եղել հատման. Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հատված ծառերը եղել են չորացած, նրա խոսքով՝ տվյալ տարածքում կան ծառեր, որոնք ենթակա են հատման, դրանք ընդգրկված են վթարային  ծառերի ցուցակում. «Բացառվում է, որ այդ տարածքում  կանաչ ծառեր կտրվեն: Ես այնքանով եմ տեղյակ, որ «Վերնիսաժում»  կատարվում են բարեկարգման աշխատանքներ, գազոնների վերականգման աշխատանքներ եւ այդ տարածքում կան չոր ծառեր, որոնք ընդգրկված են  վթարային ծառերի, հատվող ծառերի ցուցակի մեջ: Բացարձակապես չոր ծառերի մասին է խոսքը, այդ տարածքում նաեւ նախատեսվում է բազմաթիվ ծառերի տնկում»,-ասաց նա: