Արթիկի հունիսի 24-ի հեղեղումից տուժած Բիչախչյանների տան պատերը օրի օրի ճաքում են: Հունը փոխած սելավաջուրն այս պահին էլ հոսում է հենց տան կողքով՝ խոնավ պահելով շինության հիմքերը:

«Ով գիտի՝ քանի օր կտեւի, մինչեւ որ ամբողջությամբ մաքրեն, սելավատարի եղած հունը բացեն, որ տարածքը չորանա: Մինչեւ էդ ամեն ինչը անեն, վերջացնեն, չգիտենք՝ ինչ կլինի տան հետ: Տան տակից ջուրը գնում ա, տունը րոպե առ րոպե ճաքում ա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Գեղեցիկ Կարապետյանը:

Անկախության փողոցի 44 տան բնակիչները հեղեղի հետեւանքով կորցրել են իրենց ապրուստի հիմնական միջոցը: Սելավի բերած հսկայական քարերի տակ են մնացել այգու 15 ծառերը, մնացածներն էլ հեղեղից հետո կտրել են բանվորները՝ մաքրման աշխատանքներ անելու համար:

«Խնձորի, ծիրանի, բալի ծառեր էին, մալինայի թփեր: Ծառերի տակ կարտոֆիլ, լոբի կար ցանած, ելակ կար: Դրանցից ես ամեն տարի մեծ քանակությամբ բերք եմ ստացել, հիմա էլ չունենք»,- ասաց ընտանիքի մայրը:

Սելավաջրերը քանդել են տան պարիսպը, լցվել անասնագոմ, նկուղ, որտեղ շինանյութ են ունեցել, գործիքներ, տարիներ շարունակ ամբարած մթերք:

«Սեփական տան նկուղում ի՞նչ չկա՝ մեզ ասում էին՝ ձեր նկուղում օձի ձու էլ կգտնվի:  Շինանյութ, վառելափայտ, շինարարական գործիքներ, տան կահկարասի կար, հին զմռսած կոնյակ եմ ունեցել՝ Վասպուրական՝ 10 շիշ: Ըդիկ որ կհիշեմ, էլ մնացածը կմոռանամ»,- ծիծաղում է տիկին Գեղեցիկը, որն այդ վիճակում էլ չի կորցրել հումորի զգացումը:

Այս ընտանիքը կրած վնասների դիմաց 3 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել, որով, ըստ նրանց, պատճառված վնասի կեսն անգամ վերականգնել չի լինի:

«Տունն աչքներիս առաջ քանդվում է, մենք ի?նչ անենք էդքան գումարով: Բաղնիքը,  զուգարանը, դրսում են եղել, փլվել է ամբողջը: Խոնավության հոտից տուն մտնել չի լինում: Հնարավո՞ր է ապրել էդպես»,- ասաց տիկին Գեղեցիկը:

Նույն փողոցի 25 տունը նույնպես մեծ վնաս է կրել հեղեղումից, 4 միլիոն 596 հազար դրամ փոխհատուցում է ստացել:

Ընտանիքի մայրը՝ տիկին Սիլվան, NEWS.am-ին պատմեց, որ գնացել են քաղաքապետարան, հատ-հատ նշել են սելավաջրերի հասցրած վնասները, դրանից հետո հանձնաժողովը եկել, ուսումնասիրել ու որոշել է գումարի այնպիսի չափ, որը անհրաժեշտի միայն մի մասն է:

«Մեր 30 տարվա հալալ քրտինքով աշխատած, հավաքածը զրոյացվել է։ Հիմա ոչ ապրուստ ունենք, ոչ էլ ապրելու տեղ։ Ամբողջ տունը ջրի, տիղմի, ավազի մեջ կորած էր։ Կահույքը, տեխնիկան, ամեն ինչ փչացել էր: Հագուստները մինչեւ հիմա հողի տակից հանում ենք: Պատերը խոնավություննից օր օրի փչանում են։ Էդ գումարով ոնց սարքենք, ինչ սարքենք»,- նշեց տիկին Սիլվան։

Տիկին Սիլվայի տան լոգարանի կոյուղուց մինչեւ հիմա ջուր է դուրս գալիս ու լցվում տուն, տան պատերը հետզհետե քանդվում են: Մաքրման աշխատանքները դեռ  ամենաքիչը երկու շաբաթ էլ կշարունակվեն, մինչ այդ մեծանում է վտանգը, որ բնակիչները կզրկվեն իրենց ունեցած չորս պատից:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:

Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի,  որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ: