Ճարտարապետների միությունը պահանջում է անհապաղ դադարեցնել «Զվարթնոցի» քանդման աշխատանքները։ Միության տարածած հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Արդեն 15 տարի է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը անհատույց տրամադրվել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը: Կառավարման պայմանագրով` Հայաստանի կառավարությունը իր վրա վերցրեց բազմաթիվ պարտավորություններ, կառավարիչ կազմակերպության վրա դնելով միայն մեկ պարտավորություն` պահպանել և արդիականացնել «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը:

Պայմանագրի գործողության գրեթե առաջին օրերից կառավարիչը առաջ քաշեց իր կառավարման տակ գտնվող «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ապամոնտաժման հարցը: Տարիներ շարունակ ՀՀ հանրային խորհուրդը, Հայաստանի ճարտարապետների միությունը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները, «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակները, նրանց ժառանգները,  քաղաքացիական հանրությունը բազմիցս հանդես եկան պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը, որպես միջազգայինև հայկական ճարտարապետության արժեք՝ հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունները բազմաթիվ կոչերով դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խնդրանքով`թույլ չտալ օդանավակայանի շենքի ապամոնտաժումը: Այս հարցով տեղի են ունեցել  բազմաթիվ հանրային քննարկումներ և ճարտարապետների կողմից արվել  են համալիրի ֆունկցիոնալ նշանակությունը պահպանելուն, վերօգտագործմանն ուղղված առաջարկներ և նախագծեր: Ցավոք, դրանք անտեսվել են: Բոլորը միակարծիք են, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ճարտարապետական արժեքն անհրաժեշտ է պահպանել`վերօգտագործման նպատակով:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ներկայում կատարվող քանդման աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ մասնագիտական շրջանակների և քաղաքացիական հանրության կարծիքն անտեսվել է, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի պետական համալիրի ոչնչացումը կառավարիչի համար ինքնանպատակ է դարձել:

Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում ներկայում իրականացվող քանդման աշխատանքները և պահանջում է անհապաղ դադարեցնել քանդման աշխատանքները,            ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Հանրային խորհրդի, Ճարտարապետների միության, Քաղաքաշինության նախարարության, Գույքի կառավարման վարչության և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ՝ շենքի վիճակը գնահատելու և նրա վերօգտագործման հնարավորությունների պարզաբանման նպատակով»։