31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է այսօր՝ հուլիսի 8-ին, կացնահարելով նախկին զոքանչին սպանելու եւ աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, նրանց հետ վիճաբանել է երեխայի խնամքի հետ կապված հարցերի շուրջ: NEWS.am-ին Մանսուրյանների հարեւանները պատմեցին, որ սպանության գործով ձերբակալված Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կինը թույլ չի տվել, որպեսզի անչափահաս երեխային իր հետ տանի, դրա հետեւանքով ծագած վիճաբանությունն էլ ավարտվել է ողբերգությամբ:
Վլադիկ Մարտիրոսյանը ծնունդով Արցախից է, աշխատում է որպես տաքսու վարորդ:
2-ամյա տղա երեխան դեպքի պահին եղել է տանը, նրան հարեւաններն են տնից հանել եւ տարել բարեկամներից մեկի տուն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ եւ այլ առարկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական եւ դատագենետիկական փորձաքննություններ:
Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:











