«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու դեմ բողոքող ճարտարապետներն ու քաղաքացիները Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ հուլիսի 8-ին, երթով շարժվեցին դեպի Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն՝ իրենց բողոքը հայտնելու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործունեության դեմ:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները Արգենտինայի դեսպանատուն փաստաթուղթ կհանձնեն, որպեսզի Արգենտինայի դատախազությունը բացահայտի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը՝ կապված «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման հետ:
«Մենք պահանջում ենք բացահայտել Էռնեկյանի արարքը, ոչ ասել քանդման աշխատանքներին, քանի որ պայմանագրով իրենց տրված էր միայն օդանավայակայանն արդիականացնելու իրավունք, իսկ նրանք քանդում են: Կա մի մարդ, որը պատասխանատու է այս ամենի համար՝ Ռոբերտ Քոչարյանը, որը պայմանագիր է կնքել Էռնեկյանի հետ: Նա ինչ ուզում անում է ու պատճառներ կան, որ էդ մարդն ինչ ուզում քանդում է այստեղ, բայց պատասխանատվության չի ենթարկվում: ՀՀ կառավարության եւ Էռնեկյանի միջեւ կնքված գործարքն ի սկզբանե շինծու է, սա կոուպցիա է եւ դրա համար թալանվում է մեր ժողովուրդը»,-իր ելույթում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդմա Անդրիաս Ղուկասյանը:
Ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր Անահիտ Թարխանյանն էլ նշեց, որ փոխանակ «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացվի, այն քանդվում է եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դադարեցվի Էռնեկյանի գործունեությունը:
Երթի մասնակիցները «Էռնեկյան հանցագործ», «Ստոպ Էռնեկյան» պաստառներով եւ «Էռնեկյան հանցագործ» վանկարկումով այս պահին շարժվում են Արգենտինայի դեսպանատուն, երթը հսկում են ոստիկանները:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը շահագործման վերցրած կոնցեսիոները սկսել է էստակադայի ապամոնտաժման աշխատանքները, որը հասարակության շրջանում դժգոհություն է առաջացրել:











