Երեւանում Ֆինանսների նախարարության շենքի տանիքի հրդեհը մարելու համար դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 աստիճան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարտական հաշվարկների թիվն ավելանում է, սակայն հրդեհը ոչ մի կերպ չեն կարողանում մարել: Հրշեջներն ու հաշվարկներն աշխատում են ե՛ւ Տիգրան Մեծի, ե՛ւ Մհեր Մկրտչյան փողոցների կողմից: Հավելենք, որ մայրաքաղաքում ուժեղ քամի է:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը՝ շուրջ 600-800 ք.մ. մակերեսով:

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մեզ հետ զրույցում նշեց որ մարման փուլին են մոտենում:

«Այս պահին աշխատում է շուրջ 50 փրկարար, 12 մարտական հաշվարկ: Քամու ազդեցության տակ անընդհատ կրակը բռնկվում էր, բայց այժմ դեպի տեղայնացում է գնում, տարածման վտանգ այս պահին չկա, եթե քամու ուժգնացոմ չլինի, հուսով ենք շուտով մարում կլինի»,- ասաց նա: