Երեւանում Ֆինանսների նախարարության շենքի տանիքում հուլիսի 10-ին ժամը 22:20-ի սահմաններում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

«Հրդեհի տարածման վտանգ այլեւս չկա: Տանիքի ստորին հարկերը բարեբախտաբար չեն տուժել կրակից, հրշեջների տակտիկական գործողությունների շնորհիվ կրակը չի տարածվել նաեւ հարակից շենքերին»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Նախնական տվյալներով՝ այրվել է 1000-1500 ք.մ. տարածք: Հրդեհի պատճառները դեռեւս հայտնի չեն:

Նշենք, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 աստիճան: