Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում նախօրեին՝ հուլիսի 10-ին տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է ձմերուկի, վարունգի, պոմիդորի բերքը, ցորենի արտերը:
«Ձմերուկի դաշտ որ մտնում ես, կարմիր դաշտ ես մտնում, սաղ տրաքած է: Վարունգից, պոմիդորից ոչ մի բան չի մնացել: Ցորենն էլ քաղելու ենթակա չի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղացիներից Արտյոմ Խանոյանը:
Ծաղկալանջում այսօր՝ հուլիսի 11-ի առավոյան եղել է գյուղնախարարը, որը գյուղացիներին ասել է, որ արձանագրություն կազմեն, ներկայացնեն մարզպետարան, որպեսզի մարզպետարանը ներկայացնի կառավարություն եւ փոխհատուցվի: Գյուղնախարարի խոսքերին Ծաղկալանջեցիները թերահավատորեն են մոտեցել:
«Ի՞նչ փոխհատուցեն: Ես 3-4 միլիոնի բերք եմ ունեցել, բայց 10 դրամ չեմ կարա հանեմ: 1 ու կես միլիոնի գյուղատնտեսական վարկեր ունեմ, ոնց պիտի փոխհատուցեն: Մի տարի էլ տենց աղետ եղավ, երեք տարի սառեցրին վարկերը, հետո տոկոսներով պահանջեցին: Հեսա էլի կանցնի ժամանակը, կասեն՝ բերեք, տոկոսներով փակվեք»,- ասաց գյուղացիներից Ղարիբ Շեկիկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 10-ին տեղացած կարկուտից ամբողջությամբ վնասվել են Արագածոտնի, Արմավիրի մարզերի մի շարք գյուղերի ցանքատարածություններ, մրգատու այգիներ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











