Արմավիրի մարզի Դողս գյուղում հուլիսի տասին տեղացած ուժեղ կարկուտը «հարամել» է զինակոչիկի բանակի քեֆը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դողսի բնակչուհի Մանուշակ Հեվսեփյանը պատմեց, որ երեկ որդու բանակի քեֆն էր, բակում սեղաններ էին գցել եւ տեղացած կարկուտը կոտրել է սպասքը:
«Մարդիկ չկարողացան նույնիսկ օգտվել... էսքան ծախս էինք արել, որ երեխաս ուրախ բանակ գնար, այն էլ հիմա դիլխոր, տխուր գնում ա»,- ասաց տիկին Մանուշակը:
Հովսեփյանները հողատնտեսությամբ են զբաղվում, ընտանիքի միակ եկամուտն է: Թե հիմա ինչ են անելու, երբ ամբողջ բերքը փչացել է, նրանք չգիտեն. Այժմ միայն մտահոգված են, որ իրենց որդին տխուր է մեկնում ծառայության:
Նշենք, որ տիկին Մանուշակի որդին բանակ է գնալու հուլիսի 12-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտն ամբողջությամբ վնասել է Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Կոտայքի մարզի մի քանի տասնյակ գյուղերի բերքն ամբողջությամբ:











