Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում այսօր` հուլիսի 13-ին, հողին հանձնեցին հուլիսի 9-ին սեփական տանը սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ հուղարկավորությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Նինոծմինդայի, Ախալքալաքի եւ Ախալցխայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքացիներ Ջավախքի տարբեր քաղաքներից եւ գյուղերից:
Սպանված 37-ամյա Օֆելյային, 13-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյին հողին հանձնեցին Քաչոտյանների տան հարեւանությամբ գտնվող Վաչիանի գերեզմանատանը:
Հիշեցնենք, որ Քաչոտյանների սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի 24-ամյա բնակիչ Նոդար Ակոպովը: Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ մանրամասն ներկայացրել` սպանության մանրամասները:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:













