Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում բնակվող Հովհաննիսյանները հուլիսի 10-ի կարկտահարությունից 4 միլիոն դրամ վնաս են կրել. կարկտի խոշոր հատիկները կոտրել են նրանց ջերմոցների ապակիները, վնասել բերքը:

«2200 մետր ջերմատան ապակիները կոտրվել են, մեջն էլ բույս կար ցանած՝ վարունգ, որը լրիվ վնասվել է, հնարավոր չի վերականգնել: Մի ջերմոցի մեջն էլ պոմիդոր, վարունգ, բիբար, բոլորը վնասվել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ տանը 3 անչափահաս ունեն, նրանց պահելուց բացի պետք է նաեւ 6 միլիոն ու կես դրամի վարկը մարեն, բայց մնացել են առանց ապրուստի:

Հովհաննիսյաններն ընդհանուր առմամբ 4 միլիոն դրամի վնաս են կրել, բայց թերահավատորեն են մոտենում, թե կառավարությունն ամբողջը կփոխհատուցի:

«2000 քմ մետրի համար 2 միլիոն պետք է միայն ապակին գնելու համար, եթե չթանկանա: Գոնե 1000 քառակուսին ապակիով ապահովեն»,- ասաց նա:

Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ գյուղում այդ վիճակում են բոլորի ջերմոցները՝ 10-ից 15 տնտեսություն:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի կարկուտը ամբողջությամբ վնասել էր բերքը Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում: