Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում հուլիսի 10-ին տեղացած ուժեղ կարկուտը վնասել է ոչ միայն Թորոսյանների ամբողջ բերքը, այլեւ տան տանիքը: Ամուսիններն իրենց մանկահասակ երեխայի հետ ստիպված արդեն մի քանի օր է` ապրում են տանը կից նկուղում:

«Կարկուտից ամբողջ տանիքը վնասվել է, արագ հանել ենք ամբողջ կահույքը, իջեցրել տան կողքի նկուղը, որ գոնե դրանք չվնասվեն: Ամբողջ տունը ջրի մեջ էր, առաստաղն էլ է վնասված, խոնավության հոտը լցվել է: Այստեղ 1,5 տարեկան երեխային չէինք կարող պահել», - NEWS.am-ի թղթակցին պատմեց ընտանիքի հայրը` Գեղամ Թորոսյանը` նշելով, որ նույնիսկ որդու օրորոցն է ստիպված տնից հանել:

Թե ինչպես պետք է վերանորոգել տունը, Թորոսյանները չգիտեն: 3 մլն դրամ վարկ ունեցող ընտանիքը հույս ուներ վաճառել խաղողը, ցորենն ու լոբին ու մարել վարկը: Սակայն, կարկուտը «խափանեց» բոլոր ծրագրերը:

«Ամբողջ բերքս փչացել է. լոբին, խաղողը, ցորենը, խնձորն էլ ոչ մի բանի պիտանի չեն: Ամբողջը պիտի հավաքենք ու թափենք, այլ տարբերակ չունենք»,- նշեց նա:

Հուլիսի տասին տեղացած կարկուտից տուժել է ողջ գյուղը: Մարզպետարանի համապատասխան վարչությունն ուսումնասիրում է հասցրած վնասը: Դեռեւս հայտնի չէ վնասի չափը: Կառավարությունն այնուամենայնիվ խոստանում է փոխհատուցում տալ գյուղացիներին: