Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում բնակվող Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին սպանելու մեջ մեղադրվող 24-ամյա Նոդար Ակոպովը կնոջ ու երեխայի հետ ապրել է սպանվածների ազգականների տանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչիանի գյուղապետ Ֆեդյա Թորոսյանը:
«Քաչոտյանների ընտանիքն այստեղ չի ապրում, այս տղան էլ չունեւոր ընտանիքից էր, տունը տվել էին, որ ապրեր»,- ասաց գյուղապետը:
Վաչիանի բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 24-ամյա Նոդար Ակոպովը հիմնական աշխատանք չի ունեցել, գյուղում բնակվել է իր կնոջ եւ երեխայի հետ, հաճախ է ալկոհոլ օգտագործել: Խոսակցություններ կան, որ սպանության պահին նա եղել է թմրանյութի ազդեցության տակ: Նոդարն իմացել է, որ ընտանիքի հայրը Ռուսաստանից գումար է ուղարկել եւ մտել է Քաչոտյանների տուն` գողության նպատակով:
Հարեւանների պատմելով՝ Նոդար Ակոպովը սկզբում սպանել է 37-ամյա կնոջն ու ավագ աղջկան` Ասյային, այնուհետեւ 13-ամյա Արմինեին եւ 5-ամյա Սերգեյին: Նոդարը կնոջն ու երեխաներին սպանելուց հետո խոշտանգել է նրանց մարմինները` Արմինեին եւ Ասյային փաթաթել է գորգերի մեջ` այրելու նպատակով, իսկ 5-ամյա Սերգեյի դեմքին եւ մարմնի այլ հատվածներին տարբեր վնասվածքներ հասցրել: Հանցանքի վայրից դուրս գալուց հետո, երիտասարդն իր հետ վերցրած Քաչոտյաններին պատկանող երկու բջջային հեռախոսները նետել է հարեւանությամբ գտնվող տան բակը, որոնք հետագայում հայտնաբերել եւ առգրավել են իրավապահները:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 7, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված: Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է եղել` արտագնա աշխատանքի:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:











